Վարդաբլուր բնակավայր

Յոթ գյուղ՝ մեկ համայնք
Ծրագրի մասին
Ծրագիրն իրականացվում է Գյուլագարակ խոշորացված համայնքում և նպատակն է՝ նպաստել Գյուլագարակ բազմաբնակավայր համայնքի տեսանելիության բարձրացմանը՝ որպես մեկ համայնքի և ապահովել COVID-19-ի համար խոցելի խումբ հանդիսացող մեծահասակների այլընտրանքային զբաղվածությունը։
Վարդաբլուր, գյուղ Հայաստանի Լոռու մարզում՝ մարզկենտրոն Վանաձորից 19 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը տեղակայված է Գարգառ գետի երկու ափերին՝ ծովի մակարդակից 1325 մետր բարձրության վրա։ Ամենաբարձր կետը սուրբ Սարգիս լեռն է՝ 1550 մ:
Գյուղամերձ հանդամասերն են. Սուրբ Սարգսի դոշ, Փոցխարաքար, Բարձեր, Ծակ քար, Մազե կամուրջ, Քարփինչխանա, Վարդիվորատեղ, Աճարկուտ, Չմոյի գերեզմաններ, Կարմիր քարի տակ, Ճալեր, Քումբեզ, Սուզմեք, Գյադա մերի, Ցխոտի աղբյուր, Ջուխտ աղբյուր, Ճորտերանց աղբյուր, Ծտաբերդ, Աղաքարեր, Ժամաքարեր, Ղամշուտ թալա, Բաղատեղեր, Կոտրած ժամ, Գիքորի խաչ, Ղարսի ճամփա, Արջամուտ, Ձերամուտ ...
Գյուղի տարածքը 1349,0 հա է, որից կառուցապատման տակ է 119,0 հա, վարելահողեր՝ 803,0 հա, խոտհարք՝ 153,0 հա, արոտավայրեր՝ 203,0 հա, պահուստային անօգտագործելի հողեր՝ 68,0 հա:
Գյուղի ներկայիս բնակիչների նախնիները եկել են Մուշից, Մեծ Պառնիից և Սասունից։
Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ ու բանջարաբուծությամբ։
1929 թվականին գյուղում կազմակերպվել է «Կարմիր մաճկալ» կաթնանասնապահական-կարտոֆիլագործական կոլեկտիվ տնտեսություն, 1965 թվականից՝ պետական տնտեսություն, որը գործել է մինչև հողի սեփականաշնորհումը՝ 1992 թ: Տնտեսության ղեկավարներ են աշխատել Վախթանգ Սահինյանը, Խալաթ Նալբանդյանը, Ե. Բաղդասարյանը, Մուքայել Ֆրանգյանը, Աշոտ Ջանջուղազյանը, Գևորգ Ջանջուղազյանը, Արմենակ Ջանջուղազյանը, Գևորգ Ջանջուղազյանը, Վրույր Պողոսյանը: 1937 թ. ստեղծվել է սերմնաբուծական փորձադաշտ 93,0հա վարելահողով, 1986 թ. ստեղծվել է կարի արտադրամաս 60 աշխատողով, գործել է մինչև 1992 թ:


Վահագն պապը պատմում է Վարդաբլուր գյուղի ու Ջգրաշեն եկեղեցու մասին։

Դե ինչ դիտե՛ք հոլովակն ու ծանոթացեք գյուղի ու մեր հերոսի մասին պատմող նյութին։

Հոլովակը պատրաստվել է «Գյուլագարակ համայնք․ մշակույթը մեծերի աչքերով» ծրագրի շրջանակներում։

Վարդաբլուր բնակավայր | «Գյուլագարակ համայնք․ Մշակույթը մեծերի աչքերով» ծրագիր
Վահագն պապին պատմում է Վարդաբլուր գյուղի պատմությունը
Ես` Վահագն Միշայի Սահակյանս, ծնվել եմ 1952թ սեպտեմբերի 5-ին՝ Վարդաբլուր գյուղում, անասնապահի ընտանիքում։1959-1969 թթ սովորել է Վարդաբլուրի միջնակարգ դպրոցում։ 1974 թ․ Գերազանցությամբ ավարտել է Ստեփանավանի Ռադիոտեխնիկական տեխնիկումը։ Ուսումնառության հետ համատեղ աշխատել է«Արդկապ» գործարանում։ 1976 թ․մինչև 1988 թ․աշխատել է Ստեփանավանի թիվ 5 շինարարական կազմակերպությունում, որպես գանձապահ, գլխավոր տնտեսագետ։ Երկրի փլուզումից հետո զբաղվել է իր սեփական տնտեսությունով։ 2000 թվականից մինչև այսօր, աշխատում եմ Վարդաբլուր գյուղում ,որպես էլեկտրոհսկիչ։ Ամուսնացած է, ունի 3 դուստր, 3 թոռ։
Այս գյուղի պատմությունը սկսվում է 18-րդ դարի 60-ական թվականներից: Այն գտնվում է Լոռու մարզի նախկին Ստեփանավանի տարածաշրջանում՝ մարզկենտրոնից 31 կմ հեռավորության վրա: Անվան ծագումը կապվում է վարդազգիների առատության հետ:
Ըստ ժողովրդական ավանդազրույցի` «Ջիգր – ջգրու» նշանակում է սրտնեղած, այսինքն` այս արտահայտության միջոցով փորձ է կատարվում որոշակիորեն վերլուծելու ինչպես շարքային, այնպես էլ համայնքային բնույթի փոխհարաբերությունները, որն էլ ժամանակի ընթացքում իր արտացոլումն է գտել կառուցապատման բնագավառում:
Եկեղեցաշինության մեջ հայտնի` «Ջգրաշեն» անունն առաջացել է այսպես կոչված մրցակցության արդյունքում, երբ մեկը` մյուսի հետ մրցակցության մեջ մտնելով` փորձել է ավելին անել կառուցապատման ոլորտում, քան` հարևանը կամ մրցակիցը…
Նման մրցակցության վառ ապացույց են Սանահին – Հաղպատ համայնքների վանական համալիրների կառուցման փոխհարաբերությունները (հիշենք «…եթե Սա` նրանից հին է, Սանահին… ապա` սա էլ` Հաղթական Պատ է, Հաղպատ…»):
Նման մրցակցությունից, կարծես թե ետ չեն մնացել նաև Գյուլագարակ և Վարդաբլուր հարակից համայնքները, քանի որ Գյուլագարակ համայնքում կար V դարի միանավ բազիլիկ ոճի «Տորմակ» եկեղեցին, ապա Վարդաբլուրը ետ չմնալով հարևան համայնքի հետ մրցակցությունից, նույն ժամանակաշրջանում` կառուցում է մեկ այլ միանավ բազիլիկ ոճի` Ջգրաշեն եկեղեցի…
Ջգրաշեն միանավ թաղածածկ եկեղեցին (V-VI դդ.) գտնվում է Լոռու մարզի Վարդաբլուր գյուղից դեպի հյուսիս ձգվող հարթակի եզրին` Ձորագետի վտակի ափին:
Հորինվածքը բաղկացած է արևելյան կիսաշրջանաձև հատակագծով և պայտաձև կամարով խորանով ավարտվող դահլիճից (5,6 x 13,17 մ), նրա հյուսիս-արևելյան կողմում գտնվող ավանդատնից, իսկ հարավ-արևելքից` բաց աբսիդից: Եկեղեցին կառուցված է սրբատաշ բազալտից: Որմնապատերը վեր են խոյանում երկաստիճան որմնախարսխի վրա։ Ցավոք, ծածկը չի պահպանվել։ Ավանդատունը ծածկված է խաչվող թաղերով, ունի աբսիդ և միակ դուռը բացվում է աղոթասրահի բեմառաջքից: Արևմտյան պատին արտաքուստ առկա է կիսաշրջանաձև հատակագծով ևս մի աբսիդ: Եկեղեցին ունի 3 մուտք՝ երկայնական պատերում և արևմտյան հատվածում։ Հարավային պատի լուսամուտի վրա կան խաղողի որթեր` եռաթերթ և բազմաթերթ տերևներով։
Արտաքին պատերի շարվածքում պահպանված են կենդանիների քանդակներ (խոյի գլուխ, եղջերու…), իսկ բազալտե պահունակները նախատեսված են ծածկը կրելու համար: Նման քանդակները իրապես բացառիկ են Հայաստանի վաղ միջնադարյան շինությունների համապատկերում:
Ջգրաշեն եկեղեցին արժեքավոր է նաև իր զարդաքանդակներով:
Քանդակազարդ պահունակների նմանօրինակ ոճը եզակի երևույթ է հայ ճարտարապետության վաղ միջնադարյան հուշարձանների շարքում: Արևելյան և արևմտյան պատերն ունեն դասական ճակտոններ` հորիզոնական գոտիներով, մշակված պայտաձև կամարիկներով և նրանց միացման անկյուններում`եռանկյուններով: Արևմտյան լուսամուտի պարակալի կամարիկների շարքին զուգահեռ` վերևից կա նշտարաձև տերևներով ևս մի գոտի:
Վարդաբլուրի շրջակայքում պահպանվել են նաև Սբ. Սարգիս, Սբ. Խաչ, Սբ. Գևորգ մատուռները և գերեզմանոցները, ինչպես նաև միանավ բազիլիկ ոճի կառույց շրջափակված բերդապարսպով և Սբ. Աստվածածին եկեղեցին:
Գյուղի զարգացմանը բացի գյուղատնտեսությունից կարող է նպաստել առկա որակյալ կավի պաշարների նոր տեխնոլոգիաներով շահագործումը:
Հնարավորությունները շատ են զբոսաշրջության տարբեր ձևերի համար: Մեծ հեռանկար ունի «Ջգրաշեն» պատմա-մշակութային համալիրը, որը հնարավոր է իրագործել չնչին ներդրում կատարելով: 1974 թվականին աշխարհահռչակ Յուրի Սենկեվիչը այցելել է Վարդաբլուր, Ծակ քարի մուտով իջել Ձորագետի կիրճը և հիացմունքով այն համեմատել ամերիկյան Մեծ Կանիոնի հետ:
Զբոսաշրջային հետաքրքիր դիտակետ է իրենից ներկայացնում Սուրբ Սարգիս լեռան գագաթը, որին տեղացիները տվել են «Էս ա Լոռին բռիս մեջ» անվանումը, որտեղից երևում է Լոռվա 19 բնակավայր և 9 հոգևոր կառույցներ:
Մշակութային ժառանգության պահպանումը, ագրոտուրիզմը, էկոտուրիզմն ու էքստրեմալ քայլարշավները մեծ հեռանկար ունեն Վարդաբլուրում:
Գյուղի արևելյան կողմում Սուրբ Սարգիս լեռան գագաթին է գտնվում Կիկլոպյան ամրոցն ու համանուն մատուռը, հյուսիսային կողմում՝ Ձորագետի աջակողմյա կիրճի վրա են գտնվում Ջգրաշեն եկեղեցին (VI դ.) ու Կոտրած Ժամը(6-րդ դար), գյուղում՝ Սբ. Աստվածածին եկեղեցին (1876 թ.), Սբ. Խաչ (XII դ.) եկեղեցին: 1968 թ. բացվել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը (ճարտարապետ՝ Վարդգես Պապոյան, քանդակագործ՝ Շավարշ Հովհաննիսյան), գյուղում են գտնվում 1937 թ. բռնադատվածների հիշատակին նվիրված Հայաստանի առաջին հուշարձանը (1990 թ), հորովել երգի ստեղծմանն ու վարդապետ Կոմիտասին նվիրված հուշարձանը (2016 թ, քանդակագործ՝ Գրիգոր Մանուկյան):
Լճերի շրջակայքը զարդարում են հազարից ավելի եղևնիները: Բացի շրջակայքի աչք շոյող գեղեցկությունը ապահովելուց, գարնանը, երբ սկսվում է փոշոտումը, գյուղը դառնում է առողջարան, ուր կարող են գալ շնչառական խնդիրներ ունեցողները և զբոսնել ամենաթանկարժեք հանգստյան գոտիներին վայել ծառուղիներում: Այտեղ չես կշտանում օդից, կանաչից, ջրից: Պղնձագույն ջրի փափկության շնորհիվ էստեղի կանանց արած լվացքին կնախանձի ցանկացած լվացքի մեքենա ու փոշի: Իսկ աշունը Վարդաբլուրում պարզապես հեքիաթ է…
Վերևից առջևդ փռվում է հասարակ ճաք թվացող ահռելի Լոռվա ձորը, կարտոֆիլի ու ցորենի անծայրածիր դաշտերը, որոնց գույների հակադրությունը ստեղնաշար է հիշեցնում: Հետո արդեն երևում են կողք կողքի շարված հարևան գյուղերը՝ Կուրթան, Գյուլագարակ, Հոբարձի, Գարգառ և թագուհին՝ Վարդաբլուրը՝ իր տասից ավելի արհեստական լճերով, որոնք կառուցվել են 90-ականներին: Ասում են, երբ լճերը դեռ նոր էին կառուցվել, մաքուր էին ու թույլատրվում էր լողալ, և գյուղացիները լողազգեստներով այստեղ պատահող հազվադեպ արևային օրերը անց էին կացնում լճի ափին: Փաստորեն, գյուղը ժամանակին նաև «ծովափնյա» հանգիստ է առաջարկել:
Այս մուլտիմեդիա նյութը պատրաստեցին
Վահե Խաչիկյան
Ծրագրի ղեկավար
Հարութ Չատինյան
Հոլովակի հեղինակ
Ռոզա Մատինյան
Նյութի հեղինակ
Նյութը պատրաստվել է ՄԱԶԾ «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականցվում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։ Նյութում արտահայտված տեսակետնորը պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԶԾ և ՇԶՀԳ տեսակետների հետ։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website