Գյուլագարակ բնակավայր

Յոթ գյուղ՝ մեկ համայնք
Ծրագրի մասին
Ծրագիրն իրականացվում է Գյուլագարակ խոշորացված համայնքում և նպատակն է նպաստել Գյուլագարակ բազմաբնակավայր համայնքի տեսանելիության բարձրացմանը որպես մեկ համայնքի և ապահովել COVID-19-ի համար խոցելի խումբ հանդիսացող մեծահասակների այլընտրանքային զբաղվածությունը։
Գյուլագարակ, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում՝ մարզկենտրոն Վանաձորից 17 կմ հյուսիս-արևմուտք, Ստեփանավանքաղաքից 8 կմհարավ-արևելք։ Տնային տնտեսությունների թիվը` 617։ Գյուղը գտնվում է Ստեփանավան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, Ձորագետի աջակողմյան Գարգառ վտակի ձախ ափին, հեռավորությունը մարզկենտրոնից 28 կմ: Գյուլագարակ գյուղը հիմնվել է 1750թ.-ին, գտնվում է ծովի մակարդակից 1400մ բարձրության վրա: Ռելիեֆը նախալեռնային է, կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը` զով: Այն բավական խոնավ է, տաք ու առողջարար: Լավ ամառանոցավայր է: Գյուլագարակից 3կմ հարավ գտնվում է «Սոճուտ» մանկական առողջարանը, Դենդրոպարկը: Գյուղից 2կմ դեպի հարավ գտնվում է Տորմակադուռ գյուղատեղին և VI դ. եկեղեցու ավերակները: 1959-ին ուներ 2054, 1970-ին՝ 1980, 1979-ին՝ 2160, 2002թ.՝ 1532 բնակիչ: Նրանց նախնիները այստեղ են եկել Սպիտակի շրջանից: Տնտեսությունը՝ զբաղվում են հացահատիկի, կարտոֆիլի մշակումով: Համայնքն ունի միջնակարգ դպրոց, ուր սովորում են 291 աշակերտ, գործող գրադարան, առողջության առաջնային պահպանման կենտրոն:

Հրաչիկ պապը պատմում է Գյուլագարակ գյուղի ու Տորմակադուռ եկեղեցու մասին։

Դե ինչ դիտե՛ք հոլովակն ու ծանոթացեք գյուղի ու մեր հերոսի մասին պատմող նյութին։

Հոլովակը պատրաստվել է «Գյուլագարակ համայնք․ մշակույթը մեծերի աչքերով» ծրագրի շրջանակներում։

Գյուլագարկցի Հրաչիկ պապին ու Տորմակ եկեղեցին
Ես` Հրաչյա Գուրգենի Դոխոլյանս, ծնվել եմ 1951թ օգոստոսի 1-ին՝ Գյուլագարակ գյուղում։ Նախնական կրթությունս ստացել եմ Գյուլագարակի միջնակարգ դպրոցում՝ 1958-1968թթ-ին։ 1968թ-ին ընդունվել եմ Կիրովականի Քիմիական տեխնիկում, այն ավարտելուց հետո 1970թ-ին զորակոչվել եմ բանակ։ Վերադարձել եմ 1972թ-ին և աշխատանքի անցել Կիրովականի Ավտոմատիկա գործարանի Գյուլագարակի մասնաճյուղը։ Այդտեղ աշխատել եմ մինչև 1989թ։ 1975թ-ի մայիսի 1ին ամուսնացել եմ Սիրանուշ Գյուլզադյանի հետ։ Համատեղ կյանքում ունեցել ենք 2 զավակ։
Այժմ թոշակառու եմ։
Գյուլագարակը մեծ համայնք է` հսկայական ներուժով, որը թերևս այդքան էլ հայտնի չէ աշխարհին: Այստեղ կան զբոսաշրջության զարգացման հեռանկարներ, արտակարգ մշակույթ, ջերմ մարդիկ: Զարգացնելով մշակույթը` մենք արտաքին աշխարհին եք ներկայացնում մեր արժեքային համակարգը և մշակույթը: Արդյունքում ձեռք ենք բերում հզոր և արժեքավոր համայնքի համբավ, երկիր, որի հարուստ մշակութային ժառանգությունը կհետաքրքրի օտարերկրացիներին:
Տորմակ եկեղեցին (V-VI դդ.) գտնվում է Գյուլագարակ գյուղից մոտ երկու կմ հարավ, Տորմակադուռ (Որմակադուռ) ավերակ գյուղատեղիում: Վաղ միջնադարյան Հայաստանում տարածված` արտաքին սրահով միանավ եկեղեցիներից է: Միայն Ստեփանավան քաղաքի մերձակայքում, միմյանցից ոչ մեծ հեռավորությամբ, գտնվում են նման կառուցվածքով մի քանի եկեղեցիներ (Հոբարձի և Սվերդլով գյուղերի Ս. Գևորգ, Գտեվանք, Վարդաբլուրի Ջգրաշեն, Կուրթան), որոնք մեծ հետաքրքրություն են ներկայացնում եկեղեցական ճարտարապետության զարգացման պատմության ուսումնասիրության առումով` որպես անցումային օղակ IV-V դդ. ճարտարապետական վաղ ձևերից VII դ. դասական ձևին:

Տորմակ եկեղեցին կիսավեր է: Քանդված են ծածկը, հյուսիսային պատի միջին հատվածը, ավագ խորանը, թափված է երեսպատման քարերի մեծ մասը: Բուտոբետոնե շարվածքը երեսպատված է բազալտի միջին խոշորության սրբատաշ քարերով: Աղոթասրահը ուղղանկյուն հատակագծով, արևելյան խորանով սրահ է` զույգ որմնամույթերով բաժանված երեք մասերի, որին հարավից կից է քառակուսի հատակագծով, արևելյան արտաքին խորանով ավանդատունը: Արտաքին խորանը քանդված է, պահպանվել են ավանդատան խաչվող թաղածածկի հետքեր:
Աղոթասրահը և արտաքին սրահը, ըստ շինարարական տեխնիկայի և գործածված շինանյութի, համաժամանակյա կառույցներ են: Արտաքին սրահից պահպանվել է արևմտյան պատը գրեթե ամբողջությամբ, իսկ հարավային և հյուսիսային կողմերում` մոտ երկու-երեք մետր հատվածներ: Սրահը արևմտյան կողմում ուներ կամարակապ մեծ բացվածքով մուտք, որից միայն հետքեր են մնացել: Արտաքին սրահի արևմտյան և հարավային կողմերում, հատակին կան տապանաքարեր: Եկեղեցու արտաքին հարդարանքից պահպանվել են դռան, լուսամուտի կամարակապ պարակալի առանձին մանրամասեր, արևմտյան ճակտոնի հորիզոնական գոտու մաս` զարդարված խորադիր, պայտաձև կամարիկներով:

Երկար նայիր կիսավեր Տորմակին,

Դարերի վշտեր ու սև շորեր կան հագին,

Մեր պապերին պահել է իր քով,

Խոնարհ անցիր Տորմակի կողքով:

Տեսել է կոտորած, ավեր ու վարակ,

Բայց դեռ կանգուն է որմերով իր բարակ,

Քար չէ Տորմակը և ոչ էլ պարզապես վանք,

Այլ պատմիչն այնի, թե ոնց է, որ մենք կանք:

Նվիրական թիկնազորի պես վեհաշուք,

Անտեսելով որմերը լիզող հողմ ու բուք,

Վկան է դառնում դարի հրճվանքի և օրվա սգո,

Զօր ու գիշեր հսկում է իր գյուղը անգո:

Քեզ շատ սիրող, բայց մոռացված անցվորների պես,

Ինձ էլ՛, իմ նման հազարներին էլ՛ կճամփես,

Դարերի անցուդարձերը կպահես քարերիդ տակ,

Ու կլինես վկան են գյուղիս, որի անունն էր Տորմակ:

Վրույր Գայի

V դ–ի եկեղեցի է: Գտնվում է գյուղից 2 կմ հարավ՝ Տորմակադուռ կոչվող հին գյուղատեղիում: Ավերակ վիճակում է: Պահպանվել են միայն պատերը ոչ ամբողջական ձևով, քայքայված են վերին մասերը, մուտքերի և պատուհանների շրջանում գոյացել են անկանոն, մեծ մակերեսով խոռոչներ (արևելյան և հյուսիսային ճակատներում պատերի ողջ բարձրությամբ): Թաղի, գմբեթարդի, թաղակիր կամարների և այլ ձևավոր մասերի մնացորդներ չեն պահպանվել: Պատերն իրականացված են եղել բազալտե սրբատաշ միջին խոշորության երեսաքարերով, որոնցից պահպանվել են առանձին տեղերում միայն ստորին 1—3 շարքերը: Հուշարձանը պատկանում է սրահավոր միանավ դահլիճների տիպին: Եկեղեցու հարդարանքից քիչ բան է մեզ հասել: Բարեբախտաբար պահպանվել է աղոթասրահի արևմտյան պատուհանի պայտաձև կամարիկներով պատած վերին կիսաշրջանագծային եզրակալը՝ զուգակցված ճակտոնի նույն հորինվածքն ունեցող հորիզոնական գոտու հետ: Եկեղեցին շրջափակված է եղել պարսպով, որի մնացորդները կան արևմտյան և հյուսիսային կողմերում՝ 20—25 մ հեռավորության վրա: Ներկայումս էլ, չնայած ավերակ վիճակին, հուշարձանն իր սլացիկությամբ և մոնումենտալությամբ թողնում է հուժկու տպավորություն:
Գյուլագարակի գյուղամիջյան եկեղեցին
Գյուլագարակի եկեղեցի, գտնվում է Գյուլագարակ գյուղի մեջ։ Անունն անհայտ է։ Կառուցվել է 1874 թվականին: Խորհրդային տարիներին ծառայել է որպես ցորենի պահեստ։ Այդ ժամանակ եկեղեցում հրդեհ է եղել, որի ժամանակ պատերը թուլացել են։ 1988 թվականի երկրաշարժի ժամանակ քանդվում է արևմտյան պատը և եկեղեցու ծածկը։ Եկեղեցին այժմ կիսավեր վիճակում է։
Այս մուլտիմեդիա նյութը պատրաստեցին
Վահե Խաչիկյան
Ծրագրի ղեկավար
Հարութ Չատինյան
Հոլովակի հեղինակ
Ռոզա Մատինյան
Նյութի հեղինակ
Նյութը պատրաստվել է ՄԱԶԾ «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականցվում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։ Նյութում արտահայտված տեսակետնորը պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԶԾ և ՇԶՀԳ տեսակետների հետ։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website