Գարգառ բնակավայր

Յոթ գյուղ՝ մեկ համայնք
Ծրագրի մասին
Ծրագիրն իրականացվում է Գյուլագարակ խոշորացված համայնքում և նպատակն է նպաստել Գյուլագարակ բազմաբնակավայր համայնքի տեսանելիության բարձրացմանը որպես մեկ համայնքի և ապահովել COVID-19-ի համար խոցելի խումբ հանդիսացող մեծահասակների այլընտրանքային զբաղվածությունը։
Գարգառ ,հին անվանումը Գյառգյառ է, որը նշանակում է հպարտ-հպարտ։Գյուղի հիմնադիր տոհմերն են Քալաշյանները, Մուրադյանները, Զալինյանները և Հարությունյանները։ Գարգառը գտնվում է ծովի մակարդակից 1400-1500 մ բարձրության վրա։ Հեռավորությունը նախկին շրջկենտրոնից՝ Ստեփանավան քաղաքից, 10 կմ է, իսկ մարզկենտրոնից՝ 26 կմ։ Գյուղի աշխարհագրական դիրքը շատ նպաստավոր է, առաջին հերթին, հաղորդակցման տեսակետից, քանի որ նրա միջով է անցնում հանրապետական նշանակության Երևան-Թբիլիսի մայրուղին։ Հենց այս պատճառով էլ գյուղը հաճախակի է ենթարկվել թուրք ու պարսիկ նվաճողների ասպատակություններին, թալանվել ու ավերվել է,բայց նորից ոտքի է կանգնել։

Հասմիկ տատը պատմում է Գարգառ գյուղի ու Սուրբ Հովհաննես եկեղեցու մասին։

Դե ինչ դիտե՛ք հոլովակն ու ծանոթացեք գյուղի ու մեր հերոսի մասին պատմող նյութին։

Հոլովակը պատրաստվել է «Գյուլագարակ համայնք․ մշակույթը մեծերի աչքերով» ծրագրի շրջանակներում։

Գարգառ բնակավայր | «Գյուլագարակ համայնք․ Մշակույթը մեծերի աչքերով» ծրագիր
Հասմիկ տատը
Հասմիկ Մուրադյան Կարենի։Ծնվել է 1947 թվականի դեկտեմբերի 13-ին,արհեստավոր գյուղացու ընտանիքում։Ընտանիքը եղել է գյուղի հիմնադիր ընտանիքներից։Հայրը մասնակցել է պատերազմին։Սովորել է գյուղի ութամյա դպրոցում,ապա շարունակել Գյուլագարակի դպրոցը,որն էլ ավարտել է 1965 թվականին։Ամուսնացել է Երևանում,սովորել Երևանում՝ ռադիոկապ հոսքում։Աշխատել է Պուշկինի լեռնանցքի թունելում,ապա գյուղի փոստում։Հետո աշխատել է գյուղի կարի ֆաբրիկայում։Գյուղում կատարվել են տարբեր միջոցառումներ,որի ժամանակ նրանց ընտանիքը պատվավոր դերում է եղել և իր մասնակցությունն է ունեցել։Մասնակցել է 1988 թվականին անկախության հարցի շուրջ կատարվող ցույցերին,քայլելով գյուղից մինչև Ստեփանավան։Մինչև այժմ պատրաստ է օգնել իր հարազատ գյուղին ցանկացած հարցում։


ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻ
Սուրբ Հովհաննես եկեղեցին կառուցվել է 9-րդ դարում:Սկզբում եղել է փայտաշեն՝հրդեհվել է և 1907թ. հույն և հայ վարպետները կառուցել են քարից:Ըստ եղած տեղեկությունների եկեղեցին կառուցվել է բնակչության միջոցներով:Զանգը բերվել է Ռուսաստանի Տուլա քաղաքից և պահպանվում է մինջև օրս։ Գյուղի առաջին քահանա է օծվել Մկրտիչ Հովակիմի Տեր-Մովսիսյանը, ով մինչ քահանա օծվելը սովորել և ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Նա քահանա է եղել 1907 թ.-ից մինչև 1925 թ։ Նրա գործունեության հիմնական նպատակը եղել է գյուղի բնակչության պաշտպանությունը թուրք ելուզակների հարձակումներից։ Սովետական տարիներին եկեղեցին գյուղի համար ծառայել է որպես պահեստ։ Եկեղեցին գտնվում էր վթարային վիճակում,բայց 2014թ.-ին ,,Լույս հիմնադրամի,, ուսանողների ջանքերով սկսվեց դրամահավաք արշավ եկեղեցու նորոգման աշխատանքների համար:Նրանք արդյունքի հասան և եկեղեցին վերանորոգվեց ու վերաօծվեց։ Եկեղեցու տարածքում կա գերեզմանատուն,որի հետ կապված կա հետաքրքիր պատմություն՝ ,,ՈՒ թաղեցին հերոսին,, Մի անգամ գյուղ է այցելում մի երիտասարդ զույգ: Զույգը մտնում է կոլխոզի գրասենյակ ու պատմում, որ իրենց հորեղբայր Մամիկոն Գյունաշյանը, ով եղել է դաշնակցական զինվոր, մահացել և թաղվել է Գարգառ գյուղում: Մտածել են, որ գուցե այս հարցով դիմեն գյուղի ամենատարեց մարդուն՝Կեկել Մուրադյանին։ Նա պատմել է, որ այդ ժամանակաշրջանում մեծերը թույլ չէին տալիս երիտասարդներին մասնակցել հուղարկավորություններին: Իսկ նրա հայրը հիշում է, որ այդ ժամանակ ընդունված էր, որ զոհված զինվորներին թաղեն եկեղեցու բակում: Այդպիսի մի երգ էլ կա. «Ու թաղեցին հայ հերոսին քանդված ժամի պատի տակին»: Այս օրերին Մամիկոնի քույրը անկողնային հիվանդ է լինում, կանչում է հորեղբոր տղային, պատվիրում, որ իր եղբայր Մամիկոնի գերեզմանը գտնեն ու վերանորոգեն: Արդյունքում գտել են գերեզմանը եկեղեցու բակում, վերանորոգել: Մինչ այսօր ամեն օր այս գերեզմանին գյուղացիները թարմ ծաղկներ են դնում: Այժմ էլ եկեղեցում կատարվում են ծիսակատարություններ և գյուղացիները այցելում են եկեղեցի։
Այս մուլտիմեդիա նյութը պատրաստեցին
Վահե Խաչիկյան
Ծրագրի ղեկավար
Հարութ Չատինյան
Հոլովակի հեղինակ
Ռոզիտա Խաչատրյան
Նյութի հեղինակ
Մարիետա Սահակյան
Նյութի հեղինակ
Նյութը պատրաստվել է ՄԱԶԾ «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից և իրականցվում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ։ Նյութում արտահայտված տեսակետնորը պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԶԾ և ՇԶՀԳ տեսակետների հետ։
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website